Armenian Russian English
Հայ

Հանրային օֆերտայի պայմանագիր

«Թրավելեր Քլաբ» ՍՊԸ-ի ընդհանուր դրույթներն ու պայմանները (հրապարակային օֆերտա)

⬇ Ներբեռնել PDF

1. Գործողության շրջանակը և կիրառումը

1.1. Սույն Ընդհանուր դրույթներն ու պայմանները («Պայմաններ») կարգավորում են «Թրավելեր Քլաբ» ՍՊԸ-ի (Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան հիմնադրված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, գրանցման համարը՝ 282.110.943349, հարկ վճարողի հաշվառման համարը / ՀՎՀՀ-ն՝ 00902564, գտնվելու վայրը՝ Հայաստան, Երևան 0028, Բարբյուսի փող., 66 շենք, տարածք 42) (այսուհետ՝ «Գործակալություն») և Գործակալության միջոցով ճամփորդության հետ կապված ծառայություններ պատվիրող կամ ձեռք բերող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի (այսուհետ՝ «Հաճախորդ») միջև իրավահարաբերությունները։

1.2. Սույն Պայմանները կիրառվում են Գործակալության կողմից կատարվող ամրագրումների և կազմակերպումների նկատմամբ, որոնք վերաբերում են օդային, ցամաքային կամ ծովային փոխադրումներին, կացարաններին, ավտոմեքենաների վարձակալությանը, ճամփորդական ապահովագրությանը, տուրերին, էքսկուրսիաներին, ճամփորդական փաստաթղթերի թարգմանությանը, մուտքի արտոնագրերի աջակցությանը, միջոցառումների գրանցմանն ու կազմակերմնաը և ճամփորդության հետ կապված այլ ծառայություններին (միասին՝ «Ճամփորդական ծառայություններ»)։ Սույն Պայմանների նպատակների համար «Ծառայություն մատուցող» նշանակում է Ճամփորդական ծառայություն մատուցող ցանկացած երրորդ անձ։

1.3. Գործակալությանը որևէ Ճամփորդական ծառայություն ամրագրելու կամ կազմակերպելու համար դիմելով, որևէ ամրագրում հաստատելով, որևէ վճարում կատարելով կամ այլ կերպ Գործակալության միջոցով որևէ Ճամփորդական ծառայություն ձեռք բերելով (այդ գործողություններից որն էլ տեղի ունենա առաջինը)՝ Հաճախորդը համարվում է, որ կարդացել և ընդունել է սույն Պայմանները, և այդ կերպ ընդունված Պայմանները հանդիսանում են Գործակալության և Հաճախորդի միջև պարտադիր պայմանագիր:

1.4. Յուրաքանչյուր Ճամփորդական ծառայության նկատմամբ կարող են կիրառվել նաև համապատասխան Ծառայություն մատուցողի պայմանները, սակագները, կանոնները և քաղաքականությունը։ Հակասության դեպքում համապատասխան Ճամփորդական ծառայության մատուցման նկատմամբ գերակայում են Ծառայություն մատուցողի պայմանները՝ կիրառելի իմպերատիվ իրավական նորմերի պահպանմամբ։

2. Գործակալության դերը

2.1. Եթե գրավոր ձևով ուղղակիորեն այլ բան համաձայնեցված չէ, Գործակալությունը հանդես է գալիս բացառապես որպես գործակալ և միջնորդ Հաճախորդի և համապատասխան Ճամփորդական ծառայությունը մատուցող ավիաընկերության, հյուրանոցի, տուրօպերատորի, տրանսֆեր մատուցողի, ավտոմեքենաների վարձույթի ընկերության, ապահովագրական ընկերության կամ այլ երրորդ անձի (յուրաքանչյուրը՝ «Ծառայություն մատուցող») միջև։

2.2. Ճամփորդական ծառայություն կազմակերպելիս Գործակալությունը գործում է համապատասխան Ծառայություն մատուցողի և, կիրառելի դեպքերում, նրա անունից, ինչպես նաև նպաստում է համապատասխան Ճամփորդական ծառայության վերաբերյալ Հաճախորդի և տվյալ Ծառայություն մատուցողի միջև պայմանագրի կնքմանը։

2.3. Գործակալությունն ինքին չի հանդիսանում Ճամփորդական ծառայության մատուցող, փոխադրող, հյուրանոցատեր, տուրօպերատոր, ապահովագրող, տրանսպորտային օպերատոր կամ այլ մատակարար, եթե համապատասխան ամրագրման փաստաթղթերում Գործակալությունը ուղղակիորեն ու հստակ նշված չէ որպես այդպիսին։

2.4. Գործակալության պարտավորությունները սահմանափակվում են ողջամիտ հոգատարությամբ և ջանասիրությամբ հետևյալ գործողությունների իրականացմամբ՝

(a) Հաճախորդի ամրագրման հայտի մշակումը.

(b) Հաճախորդի ցուցումները համապատասխան Ծառայություն մատուցողին փոխանցելը.

(c) պահանջվող Ճամփորդական ծառայությունների կազմակերպումը և/կամ հաստատումը՝ դրանց առկայության և Ծառայություն մատուցողի կողմից ընդունման պայմանով.

(d) կիրառելի դեպքերում տոմսերի, վաուչերների, հաստատումների կամ ամրագրման այլ փաստաթղթերի տրամադրումը կամ փոխանցումը. և

(e) Հաճախորդի հետ ուղղակիորեն համաձայնեցված այլ միջնորդական կամ ամրագրման աջակցության տրամադրումը։

2.5. Գործակալությունը պատասխանատվություն է կրում վերը նկարագրված պարտավորությունների կատարման ընթացքում իր մեղքով թույլ տրված սխալների կամ բացթողումների համար՝ սույն Պայմանների և կիրառելի օրենսդրության համաձայն։

3. Ծառայություն մատուցողները

3.1. Ճամփորդական ծառայությունները փաստացի մատուցվում են անկախ Ծառայություն մատուցողների կողմից։ Համապատասխան Ծառայություն մատուցողը միանձնյա պատասխանատվություն է կրում իր կողմից մատուցվող Ճամփորդական ծառայության պատշաճ կատարման համար։

3.2. Հետևաբար, բացառությամբ այն դեպքերի, երբ պատասխանատվությունը օրենքով չի կարող բացառվել կամ սահմանափակվել, Գործակալությունը պատասխանատվություն չի կրում Ծառայություն մատուցողի որևէ գործողության կամ անգործության, ինչպես նաև Ծառայություն մատուցողի կողմից մատուցվող Ճամփորդական ծառայությունների որևէ չկատարման, թերության, ուշացման կամ փոփոխության համար, ներառյալ՝

(a) չվերթների ուշացումները, չեղարկումները, չվացուցակի փոփոխությունները, նստեցման մերժումը կամ բաց թողնված տարանցիկ միացումները.

(b) ուղեբեռի կորուստը, ուշացումը կամ վնասումը.

(c) հյուրանոցային կացության որակը, վիճակը, տեղակայումը, դասակարգումը կամ հասանելիությունը.

(d) հյուրանոցի հարմարությունների, սենյակների տեսակների, սննդի պայմանների կամ այլ ծառայությունների փոփոխությունները.

(e) փոխադրողների, հյուրանոցների, տուրօպերատորների, տրանսֆերային ընկերությունների, ավտոմեքենաների վարձույթի ընկերությունների կամ այլ Ծառայություն մատուցողների գործողությունները կամ անգործությունը.

(f) Ծառայություն մատուցողի կողմից Ճամփորդական ծառայության կատարման հետ կապված մարմնական վնասվածքը, հիվանդությունը, դժբախտ պատահարը, մահը, կորուստը կամ վնասը.

(g) Ծառայություն մատուցողի անվճարունակությունը, գործունեության դադարեցումը կամ իր պարտավորությունները կատարելու այլ անկարողությունը։

(h) Հյուպատոսությունների կողմից մուտքի արտոնագրի չտրամադրումը կամ մուտքի արտոնագրի կենտրոնների կողմից կատարված թերացումներն ու սխալները

(i) Արտոնագրված թարգմանիչների կամ թարգմանչական գրասենյակների կողմից թույլ տված սխալները

(j) Միջոցառումների կազմակերպման կամ գրանցման ընկերությունների թերի կամ ոչ պատշաճ կատարած աշխատանքը

(k) Տուրեր և էքսկուրսիաներ կազմակերպող ընկերությունների թերի գործողությունները կամ անգործությունը

3.3. Ճամփորդական ծառայության կատարման կամ չկատարման հետ կապված ցանկացած պահանջ առաջին հերթին պետք է ներկայացվի համապատասխան Ծառայություն մատուցողին։ Գործակալությունը, ողջամտորեն հնարավորության սահմաններում, կաջակցի Հաճախորդին այդ պահանջը Ծառայություն մատուցողին փոխանցելու հարցում, սակայն նման աջակցությունը չի նշանակում, որ Գործակալությունն ընդունում է պատասխանատվություն համապատասխան Ճամփորդական ծառայության համար։

3.4. Սույն Պայմաններում ոչինչ չի բացառում կամ սահմանափակում Գործակալության որևէ պատասխանատվություն, որը կիրառելի իմպերատիվ իրավական նորմերի համաձայն չի կարող բացառվել կամ սահմանափակվել։

4. Ամրագրման հայտերը և Հաճախորդի տվյալները

4.1. Հաճախորդը պատասխանատու է ամրագրման համար անհրաժեշտ ամբողջական և ճշգրիտ տեղեկությունների տրամադրման համար, ներառյալ՝ ճամփորդողների անունների ճիշտ գրությունը՝ ըստ նրանց ճամփորդական փաստաթղթերի, ծննդյան ամսաթվերը, ճամփորդության ժամկետները, ուղղությունները, կոնտակտային տվյալները և Գործակալության կամ Ծառայություն մատուցողի կողմից պահանջվող ցանկացած այլ տեղեկություն։

4.2. Նախքան ամրագրումը հաստատելը Հաճախորդը պարտավոր է ուշադիր ստուգել ամրագրման բոլոր տվյալները, ներառյալ անունները, ամսաթվերը, ուղղությունները, երթուղիները, չվերթների համարները, հյուրանոցի տվյալները և այլ էական տեղեկությունները։

4.3. Գործակալությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից տրամադրված կամ հաստատված ոչ ճշգրիտ, թերի կամ սխալ տեղեկություններից առաջացած ծախսերի, կորուստների կամ հետևանքների համար։

4.4. Հաստատումից հետո պահանջվող փոփոխությունների նկատմամբ կարող են կիրառվել Ծառայություն մատուցողի համապատասխան փոփոխման, չեղարկման կամ վերաամրագրման կանոններն ու վճարները, ինչպես նաև Գործակալության կիրառելի սպասարկման վճարը։

5. Գները և վճարումը

5.1. Գործակալության կողմից հաղորդված գները կախված են հասանելիությունից և կարող են փոփոխվել մինչև համապատասխան ամրագրման հաստատումը և, կիրառելի դեպքերում, տոմսի դուրսգրումը։

5.2. Եթե ուղղակիորեն այլ բան նշված չէ, գները կարող են ենթակա լինել հարկերի, օդանավակայանային վճարների, հյուրանոցային լրացուցիչ վճարների (resort fees), ուղեբեռի վճարների, տեղական հարկերի, արժույթի փոխարկման վճարների կամ Ծառայություն մատուցողի կամ իրավասու մարմնի կողմից սահմանված այլ գումարների։

5.3. Հաճախորդը պարտավոր է Գործակալության կողմից սահմանված ժամկետում վճարել Ճամփորդական ծառայությունների գինը և Գործակալության կիրառելի սպասարկման կամ ամրագրման վճարները։

5.4. Միայն գնային առաջարկի կամ երթուղու տրամադրման փաստով ամրագրումը վերջնական չի համարվում։ Հաստատումը կախված է հասանելիությունից, պահանջվող վճարման ստացումից և համապատասխան Ծառայություն մատուցողի կողմից հաստատումից։

5.5. Եթե գումարները գնանշվում կամ վճարման են ենթակա տարբեր արժույթներով, փոխարժեքների տատանումները և արժույթի փոխարկման վճարները կարող են ազդել վերջնական վճարման կամ վերադարձման ենթակա գումարի վրա։

5.6. Եթե Ճամփորդական ծառայության գինը կամ Ծառայություն մատուցողին վճարման ենթակա որևէ այլ գումար արտահայտված է հայկական դրամից (AMD) տարբեր արժույթով, Հաճախորդի կողմից ՀՀ դրամով վճարման ենթակա գումարը հաշվարկվում է Հաճախորդի կողմից վճարման ենթակա գումարի հաշվարկման պահին Գործակալությանը սպասարկող բանկի կողմից տվյալ արժույթի համար կիրառվող վաճառքի փոխարժեքով։

6. Գործակալության վճարները

6.1. Գործակալությունն իր կողմից մատուցվող ծառայությունների կապակցությամբ կարող է գանձել ամրագրման, խորհրդատվության, տոմսերի ձևակերպման, փոփոխման, չեղարկման, մշակման կամ այլ սպասարկման վճարներ։

6.2. Կախված ամրագրման բնույթից և կիրառելի պայմանավորվածությունից՝ Գործակալության վճարները կարող են գնանշվել և գանձվել առանձին կամ ներառվել Հաճախորդին գնանշվող և նրանից գանձվող ընդհանուր գումարի մեջ։

6.3. Եթե այլ բան համաձայնեցված չէ Կողմերի միջև կամ նախատեսված չէ կիրառելի օրենսդրությամբ, այն դեպքերում, երբ Գործակալության ծառայությունների վճարը նշված է առանձին, այդ վճարը վերաբերում է Գործակալության կողմից մատուցված ծառայություններին և ենթակա չէ վերադարձման համապատասխան զբոսաշրջային ծառայության չեղարկման, փոփոխման կամ չօգտագործման դեպքում։ Այն դեպքերում, երբ Գործակալության ծառայությունների վճարը ներառված է Հաճախորդից գանձվող ընդհանուր գումարի մեջ և առանձին նշված չէ, Գործակալությունն իրավունք ունի Հաճախորդին վերադարձման ենթակա գումարից պահելու այդ ընդհանուր գումարի մեջ ներառված իր ծառայությունների վճարի չափով գումար, որը, սակայն, չի կարող գերազանցել Հաճախորդի կողմից համապատասխան զբոսաշրջային ծառայության համար վճարված ընդհանուր գումարի [5 (հինգ) տոկոսը]։

7. Հաճախորդի կողմից փոփոխությունները և չեղարկումները

7.1. Ամրագրումը փոփոխելու կամ չեղարկելու ցանկացած պահանջ կարգավորվում է համապատասխան Ծառայություն մատուցողի պայմաններով, սակագնային պայմաններով, չեղարկման քաղաքականությամբ և այլ կանոններով։

7.2. Որոշ սակագներ, հյուրանոցային գներ և այլ Ճամփորդական ծառայություններ կարող են լինել չվերադարձվող, մասնակի վերադարձվող, չփոփոխվող կամ մասնակի փոփոխվող։

7.3. Գործակալությունն իրավասու չէ չկիրառել Ծառայություն մատուցողի չեղարկման, փոփոխման, չներկայանալու (no-show) կամ գումարի վերադարձման կանոնները, եթե տվյալ Ծառայություն մատուցողը ուղղակիորեն չի լիազորել դա։

7.4. Հաճախորդին վերադարձման ենթակա ցանկացած գումար կարգավորվում է համապատասխան Ծառայություն մատուցողի կանոններով, իսկ եթե վերադարձը կատարվում է Գործակալության միջոցով՝ նաև Գործակալության կողմից համապատասխան գումարը Ծառայություն մատուցողից ստանալու պայմանով։

7.5. Գործակալությունը կարող է գանձել կիրառելի մշակման կամ չեղարկման վճար՝ ի լրումն Ծառայություն մատուցողի կողմից գանձվող ցանկացած վճարի։

8. Ծառայություն մատուցողների կողմից փոփոխությունները և չեղարկումները

8.1. Ճամփորդական պայմանավորվածությունները կարող են փոփոխվել կամ չեղարկվել Ծառայություն մատուցողների կողմից՝ գործառնական, անվտանգության, առևտրային, իրավական, եղանակային կամ այլ պատճառներով։

8.2. Գործակալությունը չի վերահսկում նման որոշումները և պատասխանատվություն չի կրում Ծառայություն մատուցողի կողմից կատարված փոփոխության կամ չեղարկման համար։

8.3. Եթե Գործակալությունը ծանուցում է ստանում էական փոփոխության կամ չեղարկման մասին, այն ողջամիտ ջանքեր կգործադրի այդ տեղեկությունը Հաճախորդին հաղորդելու համար՝ օգտագործելով Հաճախորդի տրամադրած կոնտակտային տվյալները։

8.4. Նման փոփոխությունից կամ չեղարկումից բխող՝ գումարի վերադարձի, վերաամրագրման, այլընտրանքային փոխադրման, կացության, փոխհատուցման կամ այլ իրավական պաշտպանության միջոցի նկատմամբ Հաճախորդի ցանկացած իրավունք որոշվում է կիրառելի օրենսդրությամբ և Հաճախորդի ու համապատասխան Ծառայություն մատուցողի միջև հարաբերությունները կարգավորող պայմաններով։

9. Ճամփորդական փաստաթղթերը, վիզաները և մուտքի պահանջները

9.1. Եթե Գործակալությունը ուղղակիորեն չի համաձայնել Հաճախորդի անունից կազմակերպել որոշակի վիզայի կամ ճամփորդական այլ թույլտվության ստացումը, Հաճախորդը միանձնյա պատասխանատու է ապահովելու, որ յուրաքանչյուր ճամփորդող ունենա ճամփորդության համար պահանջվող բոլոր վավեր անձնագրերը, վիզաները, թույլտվությունները, առողջական վկայականները, ծնողական համաձայնությունները և այլ փաստաթղթերն ու թույլտվությունները։ Եթե Գործակալությունը համաձայնել է կազմակերպել վիզայի կամ ճամփորդական այլ թույլտվության ստացումը, Հաճախորդը շարունակում է պատասխանատու մնալ այդ նպատակով պահանջվող ամբողջական, ճշգրիտ և ժամանակին տեղեկությունների ու փաստաթղթերի տրամադրման համար։

9.2. Հաճախորդը պատասխանատու է երթուղում ներառված բոլոր երկրների, այդ թվում՝ միայն տարանցման նպատակով անցվող երկրների համար կիրառելի անձնագրի վավերականության պահանջները, վիզային պահանջները, տարանցման պահանջները և ներգաղթի կանոնները ստուգելու համար։

9.3. Վիզաների, ներգաղթի, առողջապահական կամ մուտքի պահանջների վերաբերյալ Գործակալության տրամադրած տեղեկությունը կրում է միայն ընդհանուր աջակցության բնույթ, եթե Գործակալությունը ուղղակիորեն չի ստանձնել պատասխանատվություն որոշակի ծառայության համար։ Պահանջները կարող են կարճ ժամկետում փոփոխվել, և Հաճախորդը պետք է ճշտի գործող պահանջները համապատասխան իրավասու մարմիններից։

9.4. Գործակալությունը պատասխանատվություն չի կրում նստեցման մերժման, մուտքի մերժման, արտաքսման, տուգանքների, լրացուցիչ ծախսերի կամ այլ հետևանքների համար, որոնք առաջացել են Հաճախորդի կողմից կիրառելի անձնագրային, վիզային, ներգաղթի, մաքսային, առողջապահական կամ պետական այլ պահանջները չպահպանելու հետևանքով։

10. Առողջությունը, անվտանգությունը և հատուկ պահանջները

10.1. Հաճախորդը պատասխանատու է որոշելու համար, թե արդյոք առաջարկվող Ճամփորդական ծառայությունները համապատասխանում են իր առողջական վիճակին, շարժունակությանը և այլ անձնական հանգամանքներին։

10.2. Ցանկացած հատուկ պահանջ, ներառյալ սննդակարգային, մատչելիության, բժշկական կամ հատուկ աջակցության պահանջները, պետք է Գործակալությանը հաղորդվի մինչև ամրագրումը։

10.3. Գործակալությունը նման պահանջները կհաղորդի համապատասխան Ծառայություն մատուցողին, սակայն չի կարող երաշխավորել դրանց ընդունումը կամ կատարումը, եթե դրանք ուղղակիորեն չեն հաստատվել Ծառայություն մատուցողի կողմից։

11. Ճամփորդական ապահովագրություն

11.1. Գործակալությունը Հաճախորդներին խորհուրդ է տալիս ձեռք բերել համապատասխան ճամփորդական ապահովագրություն, որը, ըստ անհրաժեշտության, ծածկում է բժշկական ծախսերը, դժբախտ պատահարները, չեղարկումը, ճամփորդության ընդհատումը, ուղեբեռի կորուստը կամ վնասումը, բաց թողնված մեկնումները և ճամփորդության հետ կապված այլ ռիսկերը։

11.2. Եթե Գործակալությունը որպես միջնորդ կազմակերպում է ճամփորդական ապահովագրություն, ապահովագրական պոլիսը տրամադրվում է համապատասխան ապահովագրողի կողմից և կարգավորվում է ապահովագրողի պայմաններով, դրույթներով, բացառություններով և ծածկույթի սահմանաչափերով։

11.3. Հաճախորդը պատասխանատու է ապահովագրական պոլիսն ուսումնասիրելու և որոշելու համար, թե արդյոք ապահովագրական ծածկույթը համապատասխանում է նախատեսվող ճամփորդությանը։

12. Չօգտագործված ծառայությունները և չներկայանալը (No-Show)

12.1. Ամրագրված Ճամփորդական ծառայությունից չօգտվելը, այդ թվում՝ գրանցմանը (check-in) կամ սահմանված ժամին չներկայանալը, կարող է հանգեցնել տվյալ ծառայության, իսկ հաջորդական ճամփորդական փոխադրումների դեպքում՝ նաև հետագա հատվածների կամ ծառայությունների չեղարկմանը։

12.2. Չօգտագործված Ճամփորդական ծառայությունների համար գումարի վերադարձը կարգավորվում է բացառապես համապատասխան Ծառայություն մատուցողի կիրառելի սակագնային կանոններով, ամրագրման պայմաններով և վերադարձի քաղաքականությամբ, ինչպես նաև կիրառելի օրենսդրությամբ։

13. Ճամփորդական մանրամասները ստուգելու Հաճախորդի պարտականությունը

13.1. Հաճախորդը պատասխանատու է մեկնումից առաջ չվերթների և ժամանակային սահմանափակում ունեցող այլ Ճամփորդական ծառայությունների կարգավիճակն ու ժամերը ստուգելու համար։

13.2. Հաճախորդը պարտավոր է պահպանել Ծառայություն մատուցողների կողմից սահմանված գրանցման (check-in), նստեցման և այլ ժամկետները և բավարար ժամանակ նախատեսել գրանցման, անվտանգության, ներգաղթի, մաքսային և այլ կիրառելի ընթացակարգերի համար, այդ թվում՝ տարանցման ընթացքում։

13.3. Գործակալությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի ուշ ներկայանալու կամ համապատասխան Ծառայություն մատուցողի պահանջները չպահպանելու հետևանքով բաց թողնված չվերթի, տրանսֆերի, տուրի կամ այլ Ճամփորդական ծառայության համար։

14. Գործակալության վերահսկողությունից դուրս հանգամանքները

14.1. Գործակալությունը պատասխանատվություն չի կրում իր ողջամիտ վերահսկողությունից դուրս հանգամանքների հետևանքով առաջացած որևէ չկատարման, ուշացման, խափանման, փոփոխության կամ լրացուցիչ ծախսի համար, ներառյալ, առանց սահմանափակման, բնական աղետները, ծայրահեղ եղանակային պայմանները, հրդեհը, ջրհեղեղը, երկրաշարժը, համաճարակը կամ պանդեմիան, պատերազմը, զինված հակամարտությունը, ահաբեկչությունը, քաղաքացիական անկարգությունները, գործադուլները կամ այլ աշխատանքային գործողությունները, պետական կամ կարգավորող մարմինների գործողությունները, սահմանների կամ օդային տարածքի փակումը կամ սահմանափակումները, օդանավակայանների փակումը կամ ծանրաբեռնվածությունը, օդանավակայաններում, նավահանգիստներում կամ այլ տարանցման կետերում ուշացումները կամ խափանումները, ներգաղթի, մաքսային կամ անվտանգության ընթացակարգերը, հեռահաղորդակցության, ամրագրման, վճարային կամ այլ տեղեկատվական համակարգերի խափանումները կամ անսարքությունները, ինչպես նաև Գործակալության ողջամիտ վերահսկողությունից դուրս այլ նմանատիպ հանգամանքները։

14.2. Նման հանգամանքներում Ծառայություն մատուցողի նկատմամբ Հաճախորդի իրավունքները որոշվում են Ծառայություն մատուցողի պայմաններով և կիրառելի օրենսդրությամբ։

15. Գործակալության պատասխանատվությունը

15.1. Գործակալությունը պատասխանատվություն է կրում Հաճախորդի կրած ուղղակի վնասի համար, եթե այն առաջացել է Գործակալության կողմից ուղղակիորեն ստանձնած ամրագրման, տոմսերի ձևակերպման կամ այլ միջնորդական ծառայությունների կատարման ընթացքում ողջամիտ հոգատարություն չցուցաբերելու հետևանքով։

15.2. Գործակալությունը պատասխանատվություն չի կրում անկախ Ծառայություն մատուցողների կողմից Ճամփորդական ծառայությունների կատարման կամ չկատարման, ինչպես նաև այդ Ծառայություն մատուցողներին վերագրելի գործողությունների, անգործության, սխալների, ուշացումների, չեղարկումների կամ այլ հանգամանքների համար։

15.3. Կիրառելի օրենսդրությամբ թույլատրելի առավելագույն չափով Գործակալությունը պատասխանատվություն չի կրում ամրագրման կամ Ճամփորդական ծառայության հետ կապված անուղղակի, պատահական, հատուկ կամ հետևանքային վնասների, բաց թողնված օգուտի (շահույթի կորստի), գործարարության կամ հնարավորության կորստի համար։

15.4. Գործակալությունը պատասխանատվություն չի կրում այն վնասների համար, որոնք առաջացել են կամ որոնց առաջացմանը նպաստել են՝

(a) Հաճախորդի կամ այլ ճամփորդողի գործողությունը կամ անգործությունը.

(b) Հաճախորդի կողմից տրամադրված ոչ ճշգրիտ կամ թերի տեղեկությունները.

(c) Հաճախորդի կողմից Ծառայություն մատուցողի պայմանները կամ ցուցումները չպահպանելը. կամ

(d) Գործակալության ողջամիտ վերահսկողությունից դուրս հանգամանքները։

15.5. Սույն Պայմաններում ոչինչ չի բացառում կամ սահմանափակում խարդախության, դիտավորյալ զանցանքի, կոպիտ անփութության համար պատասխանատվությունը, երբ այդ պատասխանատվությունը օրենքով չի կարող սահմանափակվել, կամ որևէ այլ պատասխանատվություն, որը կիրառելի իմպերատիվ իրավական նորմերի համաձայն չի կարող բացառվել կամ սահմանափակվել։

16. Բողոքներ

16.1. Ճամփորդական ծառայության հետ կապված ցանկացած խնդիր, երբ դա գործնականում հնարավոր է, պետք է անհապաղ հաղորդվի համապատասխան Ծառայություն մատուցողին՝ նրան խնդիրը շտկելու հնարավորություն տալու համար։

16.2. Եթե հարցը չի կարող ուղղակիորեն լուծվել Ծառայություն մատուցողի հետ, Հաճախորդը պետք է ողջամտորեն հնարավորինս շուտ տեղեկացնի Գործակալությանը և տրամադրի բոլոր համապատասխան փաստաթղթերն ու տեղեկությունները։

16.3. Գործակալության բուն ամրագրման կամ միջնորդական ծառայությունների վերաբերյալ բողոքները պետք է ներկայացվեն [email protected]ին կամ Գործակալության գրանցման (իրավաբանական) հասցեով`ծառայության ավարտից հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում։

16.4. Գործակալությունը ողջամիտ ջանքեր կգործադրի Ծառայություն մատուցողի վերաբերյալ բողոքի կապակցությամբ Հաճախորդին հաղորդակցման հարցում աջակցելու համար, սակայն նման աջակցություն տրամադրելով՝ չի ստանձնում պատասխանատվություն Ծառայություն մատուցողի գործողությունների կամ անգործության համար։

17. Անձնական տվյալներ

17.1. Ճամփորդական ծառայությունները կազմակերպելու նպատակով Գործակալությունը կարող է հավաքել և մշակել Հաճախորդի և ամրագրման մեջ ներառված այլ ճամփորդողների անձնական տվյալները։

17.2. Հաճախորդը լիազորում է Գործակալությանը, պահանջվող Ճամփորդական ծառայությունների համար անհրաժեշտ չափով, համապատասխան անձնական տվյալները փոխանցել Ծառայություն մատուցողներին, ամրագրման համակարգերին, վճարային համակարգեր մշակողներին և Ճամփորդական ծառայությունների կազմակերպման կամ մատուցման մեջ ներգրավված այլ անձանց, այդ թվում՝ Հաճախորդի բնակության երկրից դուրս գտնվող ստացողներին։

17.3. Գործակալության կողմից անձնական տվյալների մշակումը կարգավորվում է անձնական տվյալների պաշտպանության կիրառելի օրենսդրությամբ և, կիրառելիության դեպքում, Գործակալության Գաղտնիության քաղաքականությամբ։

17.4. Հաճախորդը հավաստում է, որ իրավասու է Գործակալությանը տրամադրել ամրագրման մեջ ներառված ցանկացած այլ ճամփորդողի անձնական տվյալները։

18. Հաղորդակցություն

18.1. Գործակալությունը կարող է Հաճախորդի հետ հաղորդակցվել էլեկտրոնային փոստով, հեռախոսով, հաղորդագրությունների հավելվածներով կամ Հաճախորդի տրամադրած կապի այլ եղանակով։

18.2. Հաճախորդը պատասխանատու է ճշգրիտ և ընթացիկ (արդիական) կոնտակտային տվյալներ տրամադրելու և ամրագրմանը վերաբերող հաղորդակցություններին հետևելու համար։

18.3. Գործակալությունը պատասխանատվություն չի կրում Հաճախորդի կողմից ծանուցումը չստանալու համար, եթե դա պայմանավորված է սխալ կոնտակտային տվյալներով, կապի ծառայությունների անհասանելիությամբ, սպամի զտմամբ կամ Գործակալության ողջամիտ վերահսկողությունից դուրս այլ հանգամանքներով։

19. Ծառայություն մատուցողի պայմանները

19.1. Յուրաքանչյուր Ճամփորդական ծառայություն ենթակա է համապատասխան Ծառայություն մատուցողի պայմաններին և դրույթներին, ներառյալ փոխադրման կիրառելի պայմանները, սակագնային կանոնները, հյուրանոցների չեղարկման քաղաքականությունները, ուղեբեռի կանոնները, գրանցման պահանջները և այլ պայմանագրային պայմանները։

19.2. Ամրագրումը հաստատելով՝ Հաճախորդը համաձայնում է պահպանել համապատասխան Ծառայություն մատուցողի կիրառելի դրույթներն ու պայմանները։

19.3. Ծառայություն մատուցողի կիրառելի պայմանների պատճենները կամ դրանց հղումները կարող են տրամադրվել պահանջի դեպքում կամ հասանելի լինել անմիջապես համապատասխան Ծառայություն մատուցողից։

20. Գործակալության կողմից մատուցվող փաթեթները և ծառայությունները

20.1. Գործակալության միջնորդական կարգավիճակի հետ կապված սահմանափակումները կիրառվում են միայն այն դեպքերում, երբ Գործակալությունը գործում է որպես անկախ Ծառայություն մատուցողի գործակալ կամ միջնորդ։

20.2. Եթե Գործակալությունը Հաճախորդի հետ ուղղակիորեն իր անունից պայմանագիր է կնքում որպես որոշակի ծառայության կամ ճամփորդական փաթեթի հիմնական մատուցող կամ կազմակերպիչ, այդ ծառայության կամ փաթեթի նկատմամբ Գործակալության իրավունքներն ու պարտականությունները որոշվում են համապատասխան պայմանագրով, կիրառելի մասով՝ սույն Պայմաններով և կիրառելի օրենսդրությամբ։

20.3. Սույն Պայմաններից ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես Գործակալության կողմից մատուցվող ծառայությունների նկատմամբ կիրառելի իմպերատիվ օրենսդրությամբ Հաճախորդին վերապահված որևէ իրավունքի բացառում կամ սահմանափակում։

21. Կիրառելի օրենսդրությունը և վեճերի լուծումը

21.1. Սույն Պայմանները և Գործակալության ու Հաճախորդի միջև իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։

21.2. Կողմերը կձգտեն լուծել Գործակալության ծառայություններից կամ սույն Պայմաններից բխող կամ դրանց հետ կապված ցանկացած վեճ բարեխիղճ բանակցությունների միջոցով։ Ցանկացած վեճ, որը չի լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ 30 (երեսուն) օրվա ընթացքում, ենթակա է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանների ընդդատությանը։

22. Այլ դրույթներ

22.1. Եթե սույն Պայմանների որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, անօրինական կամ անիրագործելի, մնացած դրույթները շարունակում են գործել ամբողջ ուժով։

22.2. Սույն Պայմաններում օգտագործված վերնագրերը նախատեսված են միայն հարմարության համար և չեն ազդում դրանց մեկնաբանության վրա։

22.3. Գործակալությունը կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխել սույն Պայմանները։ Կոնկրետ ամրագրման կամ կազմակերպման նկատմամբ կիրառվում է Հաճախորդի կողմից համապատասխան ամրագրումը կամ կազմակերպումը հաստատելու պահին գործող տարբերակը։